ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ԼԵԳԵՆԴԱՐ ԿԱՐՄԻՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴՆԵՐԸ

ԼԵԳԵՆԴԱՐ ԿԱՐՄԻՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴՆԵՐԸ
12.01.2010 | 00:00

Ստամբուլի կենտրոնական հրապարակներից մեկում գտնվում է Մուստաֆա Քեմալի կամ Աթաթուրքի հուշահամալիրը, ուր քանդակների խմբի մեջ նկատելի է մի շատ հետաքրքրական դետալ։ Թուրքական «հեղափոխության» առաջնորդի կողմնակիցների մեջ պատկերված են խիստ դեմքերով և աստղակիր սրածայր գլխարկներով երկու զինվորականներ` կարմիր բանակի զորահրամանատարներ Միխայիլ Ֆրունզեն և Կլիմենտ Վորոշիլովը։ «Լեգենդար կարմիր հրամանատարների» հիշատակը հավերժացված է այն պատճառով, որ վերջիններս օժանդակել են թուրքական զորքերի հաղթանակին ու դարձել հանրապետական Թուրքիայի հերոսներ։ Սակայն առավել բնութագրական են որոշ վերլուծաբանների այսօրվա կատակները, թե շուտով Քեմալի արձանը շրջապատող քանդակախմբում կավելանա ևս երկու ֆիգուր` պատկերելով Ռուսաստանի ու Թուրքիայի վարչապետներ Վլադիմիր Պուտինին և Ռեջեբ Էրդողանին։
Անշուշտ, առայժմ կատակի` ճշմարտության վերածվելը քիչ հավանական է, սակայն ակնհայտ է, որ ինչպես անցած դարի «բուռն հեղափոխական տարիներին», այնպես էլ այսօր Ռուսաստանն ու Թուրքիան փորձում են ամրապնդել հարաբերություններն ու ստեղծել ամուր կապեր։ Եվ այս անգամ գործընթացի շարժիչ ուժը, գոնե առաջին հայացքից, տնտեսությունն է։ Իսկ երկկողմ տնտեսական հարաբերությունների դինամիկան, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի արտահայտությամբ, «նպաստում է ռուս-թուրքական ռազմավարական հարաբերությունների ամրապնդմանը»։ Այսօր Ռուսաստանը Թուրքիայի առաջին առևտրային գործընկերն է, երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն անցնում է 38 մլրդ դոլարից, որի 75 տոկոսը ռուսական գազի մատակարարումն է։ Չնայած դինամիկ են զարգանում նաև այլ ոլորտները` սկսած շինարարությունից, վերջացրած գյուղատնտեսության և միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցությամբ։ Թուրքիան Ռուսաստանի համար կարևոր է ոչ միայն իբրև էներգառեսուրսների վաճառքի շուկա, այլև իբրև «այլընտրանքային պատուհան» դեպի Եվրոպա ու Մերձավոր Արևելքի երկրներ։ Հարաբերությունների խորացմանը խիստ նպաստում են նաև լավ նախապատրաստված ու ֆինանսավորված հասարակական գիտակցության մանիպուլյացիաները, ռուսական մամուլում արդեն կարելի է հանդիպել «գաղափարական բացահայտումների», թե Ռուսաստանը քրիստոնեությունն ընդունել է Բյուզանդիայից, իսկ Բյուզանդիան ժամանակակից Թուրքիան է։ Ավելին, Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինի արտասահմանյան այցը տեղի ունեցավ Թուրքիա` «Քաղաքակրթությունների միություն» նախաձեռնության շրջանակներում։ Եվ թերևս որպես այդ ամենի հետևանք, ռուս-թուրքական հարաբերությունների 750-ամյա պատմության մեջ առաջին անգամ ռուսաստանցիների 70 տոկոսը Թուրքիան դիտարկում է իբրև բարեկամական, նույնիսկ եղբայրական երկիր։ Այս ամենը տեղի է ունենում Կրեմլի չիրագործված աշխարհաքաղաքական հավակնությունների խորապատկերի վրա, երբ միաժամանակ փլուզվում են թուրքական արտաքին քաղաքականության երկու հիմնական ուղղությունները` ԱՄՆ-ի հետ դաշինքն ու Թուրքիայի «եվրոպական հեռանկարը»։
Հետադարձ հայացք գցելու դեպքում կարելի է համոզվել, որ ռուս-թուրքական մերձեցումը սկսվել է ոչ այսօր, ոչ էլ վերջին մեկ-երկու տարում։ Պարզվում է, որ 2002-ին դեռևս միայն «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար Էրդողանը Մոսկվա այցելելով շեշտադրել է Եվրասիայում Ռուսաստանի և Թուրքիայի տնտեսական համագործակցության նպատակահարմարությունը և դրա հետ կապված հեռանկարները։
Այն ժամանակ Թուրքիայի ապագա վարչապետը հռչակեց անվտանգ հարաբերությունների կառուցման մասին իր թեզը, իսկ իշխանության գալուց հետո ստորագրեց «պատմական համաձայնագիր» Մոսկվայի հետ բարեկամության հետագա խորացման, բազմապլան գործընկերության մասին։ Այսօր, Էրդողանի մոսկովյան նոր այցի խորապատկերի վրա, կողմերը խոսում են «գործընկերային», «ռազմավարական» և նույնիսկ «դաշնակցային» հարաբերությունների մասին։ Մի շարք ռուսական փորձագետներ, որպես բոլոր պրոբլեմների լուծում և Արևմուտքին հակադրվելու միջոց, մատնանշում են Թուրքիայի ներգրավման հնարավորությունը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) և նույնիսկ բացառապես հետխորհրդային պետություններին համախմբող ԵՎՐԱԶԷՍԻ շրջանակներում։ Այս թեզը զարգացնող փորձագետների կարծիքով, դա փայլուն հնարավորություններ կստեղծի թուրքական տնտեսության համար, կամրապնդի պետության աշխարհիկ հիմքերը, Անկարայի դիրքերը ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ բանակցություններում, դաշինքն Ադրբեջանի հետ։
Այս համատեքստում էլ փորձենք անդրադառնալ այսօր` հունվարի 12-ին, Վլադիմիր Պուտինի հրավերով Թուրքիայի վարչապետի երկօրյա պաշտոնական այցին Ռուսաստան։ Թուրքական պատվիրակության կազմում են լինելու ութ նախարարներ, սպասվում է, որ բանակցությունները կառնչվեն բազմաթիվ ոլորտներում համագործակցության խորացմանը։ Հատուկ ուշադրություն է դարձվելու Սամսուն-Ջեյհան նավթամուղի, «Երկնագույն հոսք» գազամուղի երկրորդ հերթի կառուցմանը, երկրաբանական-հետախուզական աշխատանքներին Սև ծովի թուրքական հատվածում, որոնք անհրաժեշտ են «Հարավային հոսք» գազատարի կառուցման համար։ Օրակարգում են նաև համատեղ այլ նախագծեր, մասնավորապես, նավթավերամշակման գործարանի կառուցում և նավթամթերքների համատեղ իրացում երրորդ երկրներում։ Շատ հետաքրքիր հանգամանք է և այն, որ, ըստ ռուսական ԶԼՄ-ների, հանդիպման ընթացքում քննարկման առարկա կարող է դառնալ ռուսական կողմին մշտապես գրգռող սևծովյան նեղուցների թեման, և Մոսկվան ակնկալում է Թուրքիայի աջակցությունը` հեռավոր 1936-ին ստորագրված Մոնտրեի համաձայնագրի դրույթները լիարժեք կյանքի կոչելու ուղղությամբ։ Ըստ այդ համաձայնագրի, ոչ սևծովյան պետություններն իրավունք չունեն Սև ծով ուղարկելու որոշակի տարողությունը գերազանցող նավեր, գործում են նաև այլ սահմանափակումներ։ Թե ում բոստանն է նետվելու այս քարը, ակնհայտ է։ Կան նաև կարծիքներ, որ մոսկովյան հանդիպումը նպատակ ունի չեզոքացնելու Ադրբեջանին առավելագույնս «իր տակ քաշելու» Ռուսաստանի փորձերը։ Եթե ամեն ինչ սահմանափակվեր այսքանով, կարելի էր հաջողություն մաղթել մեր հարևանին ու «ռազմավարական գործընկերոջը» և դրանով էլ ավարտել ռուս-թուրքական հարաբերությունների վերլուծությունը, բայց կա մի մտահոգիչ հանգամանք։
Պարզվում է, որ ռուս-թուրքական բանակցությունների հերթական ռաունդում միանգամայն լրջորեն ու առարկայական քննարկման է արժանանալու ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը։ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն արդեն հայտարարել է, որ Անկարան ու Մոսկվան փակ բանակցություններ են վարում, որոնք վերաբերում են նաև Հայաստանին, «կատարվում է չերևացող, բայց շատ ակտիվ դիվանագիտական աշխատանք, որն ունի ժամանակային սահմանափակումներ»։ Ընդ որում, պարզաբանելով, թե ինչու են բանակցությունները գաղտնի պահվում, Թուրքիայի ղեկավարը նշել է, որ դրանց բովանդակության բացահայտումը «կարող է միայն բարդացնել գործընթացը»։ Դժվար չէ գլխի ընկնել, որ խոսքը, թերևս, վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման այն նույն մեխանիզմի վերակենդանացմանը, որն իր մեջ պարունակում էր ցյուրիխյան արձանագրությունների վավերացումը և մադրիդյան նորացված սկզբունքների միաժամանակյա գործադրումը։ Բոլորովին վերջերս Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն հայտարարեց, որ մոսկովյան հանդիպման ժամանակ նախատեսվում է «Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացման և Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման հարցերի զուգահեռ դիտարկում, որպեսզի հնարավոր լինի խաղաղություն ապահովել տարածաշրջանում»։ Այսինքն, կարելի է եզրակացնել, որ Թուրքիան ու Ռուսաստանը փորձելու են միանգամից լուծել ռազմավարական ու մարտավարական բնույթի հիմնախնդիրները` առաջին հերթին ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տեղափոխել Ռուսաստանի բացահայտ և Թուրքիայի քողարկված հովանավորության ներքո։ Երկրորդը` փորձել չեզոքացնել ԱՄՆ-ում հայկական լոբբիի գործողությունները` ուղղված ամերիկյան կոնգրեսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունմանը։ Երրորդ` նկատի ունենալով Մոսկվայի և Բաքվի ընդլայնվող համագործակցությունն էներգետիկ բնագավառում, առաջ քաշել Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա էներգետիկ միության գաղափարը` միմյանց միջև բաց սահմանների ռեժիմով։ Եվ ամենակարևորը` կովկասյան գործընթացներից դուրս մղել ինչպես ԱՄՆ-ին, այնպես էլ Եվրամիությանը։ Թուրքական «ռազմավարները» շարունակում են կարծել, որ հենց Ռուսաստանն ինչ-որ կերպ կկարողանա համոզել Հայաստանի ղեկավարությանն այս «փրկարար ծրագրի» իրագործման հարցում։ Ակնհայտորեն Անկարայում և Բաքվում բացարձակապես համոզված են, որ առանց Մոսկվայի մասնակցության ղարաբաղյան գորդյան հանգույցը քանդել չի հաջողվի, և միայն Կրեմլն է ի վիճակի «կոտրել համառ հայերին»։ Որքան էլ ցավալի է և հայ-ռուսական գործընկերության համար վտանգավոր, այդ դիրքորոշումները կիսում են նաև Ռուսաստանում, ուր դեռևս ուժեղ է իրեն «մետրոպոլիա» երևակայելու միտումը։ Կա նաև համոզմունք, որ ինչպես Ռուսաստանն ազդեցություն ունի Հայաստանի վրա, այնպես էլ համանման ազդեցություն ունի Թուրքիան Ադրբեջանում, ուստի կողմերը կարող են օգնել «փոխադարձ շահերի բավարարմանը»։ Ըստ ամենայնի, կա համոզմունք, որ միայն Ռուսաստանն ու Թուրքիան ոչ միայն ունեն ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ իրենց փոխադարձ շահերից ելնելով համաձայնություն ձևավորելու հնարավորություն, այլև դրա իրագործման արդյունավետ լծակներ։ Համենայն դեպս, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բազմիցս հայտարարել է, թե քանի որ Հայաստանը «մեծ պրոբլեմներ ունի արտաքին աշխարհի հետ կապ հաստատելու», պետք է որ շահագրգռված լինի հակամարտության կարգավորմամբ` հենց Կրեմլի հովանու ներքո, ընդ որում, բացառելով հայ-ռուսական հարաբերություններում որևէ փոփոխություն և այդ հարթության մեջ պաշտոնական Երևանի կողմից ինքնուրույնության որևէ դրսևորում։ Հավանաբար, հենց այս տրամաբանությունից ելնելով է, որ գործնականում Թուրքիայի վարչապետի Մոսկվա կատարած այցին զուգահեռ, հունվարի 13-14-ին Լավրովը կժամանի Երևան, թերևս, ճնշում գործադրելու հերթական փորձն իրականացնելու նպատակով։
Բայց «շահագրգիռ կողմերն» անտեսում են մի կարևոր և անհաղթահարելի հանգամանք. հայկական ազգային շահերին հակասող ցանկացած նախաձեռնություն կմերժվի Հայաստանի հասարակության կողմից, որքան էլ մեծ լինեն Կրեմլի «ներգործության հնարավորությունները» Հայաստանի իշխանությունների վրա, ինչպես նաև Ռուսաստանի ազդեցության գոտում հավերժ գտնվելու հայկական էլիտայի որոշ մասի ցանկությունը։ Ռուսական փորձագետներից Ստանիսլավ Տարասովը հանդես էր եկել մի ճշմարտացի հարցադրմամբ, արդյոք Հայաստանը պատրա՞ստ է բացարձակապես վստահել Ռուսաստանին ու նրան հանձնել իր ճակատագիրը։ Եվ սա ո՛չ պատահական, ո՛չ հռետորական հարցադրում է, քանի որ Հարավային Կովկասն այլևս նախկինը չէ։ Այստեղ առկա են այլ ուժային կենտրոնների ազդեցություններն ու շահերը, և, ըստ այդմ, Հայաստանն ունի մանևրելու բավականին լավ հնարավորություններ։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1463

Մեկնաբանություններ